Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. հասել ենք «գյուղական ամբուլատորիաների վերացում» օպերացիային. Անուշ Պողոսյան


168.am


Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. հասել ենք «գյուղական ամբուլատորիաների վերացում» օպերացիային. Անուշ Պողոսյան

Նոյեմբեր 24, 2024


«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։ Նպատակը հիվանդությունների ընթացքը վերահսկելն է, առողջ կենսակերպի ներդրումը, ընտանիքի բոլոր անդամների շարունակական բժշկական հսկողությունը, առողջության առաջնային պահպանումը։ Որոշումը հիմնավորվել է նախնական փորձագիտական ուսումնասիրություններով և տնտեսական հաշվարկներով, որոնք իրականացրել է ՀՀ ԱՆ-ն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աջակցությամբ։

Առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես յուրաքանչյուր պետության առողջապահական համակարգի առանցքային գործառույթն իրականացնող բնագավառի զարգացումը, որպես մարդու, ընտանիքի, համայնքի և առողջապահական ոլորտի միջև առաջին շփման օղակ, որի լավագույն օրինակն է ընտանեկան բժշկի ինստիտուտը, շարունակում էր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարիների ռազմավարության գերակայություններից մեկը: https://www.e-draft.am/projects/7969 շրջանառվում է մի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծիը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ըստ նախագծի օպտիմալացվում են 30 բժշկական ամբուլատորիաներ «փնջերի»։

Կարդացեք նաև

Մի քանի հարց նախագիծ մշակողներին ՝

1․ Մեջբերում նախագծի հիմնավորումից՝ «Միացման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը>>:

ՀԱՐՑ – Ի՞նչ է նշանակում տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, ի՞նչ հաշվարկներ և մեթոդաբանություն է կիրառվել հաշվարկների հիմքում, հաշվարկվել է արդյոք ծախս-արդյունավետությունը, քանի՞ մարդ է կրճատվելու, որպեսզի նոր վարչական անձնակազմի աշխատավարձը բարձրանա, ինչպե՞ս է ընտրվելու նոր վարչական անձնակազմը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ չգիտեն:

2․ Մեջբերում նախագծի հիմնավորումից՝ «Առաջարկվող վերակազմապերպման արդյունքում կմեծանան նաև կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները՝ հատկապես պահանջվող դեղորայքի ձեռքբերման համար, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը»։

ՀԱՐՑ – Այսինքն` դուք գյուղական համայնքների ինֆրաստրուկտուրաները լուծարում եք, քանի որ չեք կարողանում գնման գործընթա՞ց կազմակերպել:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ այո:

3․ Մեջբերում նախագծի հիմնավորումից՝ «Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը»:

ՀԱՐՑ – Քանի՞ առողջապահական ցուցանիշ եք վերլուծել ու քանի՞սն եք պատրաստվում այս նախագծով բարելավել, ի՞նչ ցուցանիշներով եք գնահատելու առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնությունն և սպասարկումը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ չգիտեն:

4․ Մեջբերում նախագծի հիմնավորումից՝ «Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինի բնակչությանը՝ այդ ծառայությունները կմատուցվեն տեղում»:

ՀԱՐՑ – Ունե՞ք զարգացման պլան, նոր ծառայությունների ծախս- արդյունավետության հաշվարկ:

ՊԱՏԱՍԽԱՆ` ոչ:

Եվ ամենակարևորը, այս նախագիծը ոչ մի անգամ չի քննարկվել այդ 30 ամբուլատորիաների տնօրենների հետ, որոնցից շատերը նախագիծ գրողների տարիքի չափ աշխատանքային փորձ ունեն․․․

Հ․Գ․ Հասել ենք առողջապահական համակարգի կազմաքանդման վերջին մակարդակին ՝ «գյուղական ամբուլատորիաների վերացում» օպերացիային․․․

ՀԱՐՑԵՐՆ ՈՒՂՂՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ`

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ



https://168.am/2024/11/24/2131197.html?fbclid=IwY2xjawGwu1xleHRuA2FlbQIxMQABHULJGhzjNga3ZRLG6oh3QgEagGYs9FfXuxEcUiSBl0fzafiIl1v8F9pgxg_aem_6cb9fxR1PNFfKvRjomkKCQ

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D2uo42kp2LoX-6cbxQp2Zxfxx88cRHQeUieLtFusYWfEg%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]