Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանն օրերս «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ասել էր՝ հունվարի 1-ից հետո, երբ հանրային տրանսպորտի ուղեվարձի արժեքը փոխվի, տարածաշրջանում այն ամենաբարձրն է լինելու։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ոչ թե ամենհարուստ երկիրն է, դրա համար ուղեվարձի արժեքը տարածաշրջանում ամենաբարձրն է լինելու, այլ Հայաստանն ունի ամենաապաշնորհ կառավարիչները, դրա համար էլ առաջարկվում է ամենաթանկ գինը։
«Հանրությունը թանկ է վճարելու, որովհետև կառավարիչները չեն կարողանում համակարգը կառավարել ու չեն պատկերացնում անգամ, թե այլ երկրներում ինչպես են կարողանում ամենամատչելի գինն ունենալ։
Հավանաբար կհիշեք, երբ 2014 թվականին հանրային տրանսպորտը թանկանում էր, այդ ժամանակ ներկայացրել էի հաշվարկներ, ասեմ՝ դրանք ինչի հիման վրա էի ներկայացրել։ Գոյություն ունեն ծախսեր և մուտքեր, ծախսերի առանձին բաղադրիչները, որոնք համայնքը ներկայացնում էր, մենք հետազոտում էինք ու հասկանում, որքանով է այն հիմնավոր կամ անհիմն։ Երբ ներկայացնում էին մուտքերի առանձին բաղադրիչներ, մենք կրկին հաշվարկներ էինք իրականացնում՝ կրկին ասում էինք՝ հիմնավոր է, կամ ոչ հիմնավոր։ Ըստ էության կարողանում էինք գնահատականներ տալ ինքնարժեքին։ Սակայն հիմա ունենք մի իրավիճակ, երբ համայնքը՝ ի դեմս քաղաքային իշխանությունների, խուսափում է թվեր հրապարակել։ Իրականում խուսափում է, քանի որ, երբ թվեր հրապարակի, շատ պարզ բոլորիս համար տեսանելի կդառնա, թե որքանով է խոցելի այն նախագիծը, որն ինքը բերել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը, թվեր հրապարակելու փոխարեն, «փուչիկ է փչել»՝ էժան բլեֆ, թե թանկ շարժակազմեր են, հետևաբար՝ ինքնարժեքը պետք է թանկ լինի։ Սակայն միայն շարժակազմով չի կարելի թանկացում հիմնավորել։
«Պետք է պահանջ լինի, որպեսզի քաղաքապետարանը տա ինքնարժեքի ձևավորման բացվածք, որովհետև վարչական ծախսերից սկսած՝ պիտի հասկանանք, թե երբ ասում ենք վարչական ծախս՝ ի՞նչ նկատի ունենք, քանի՞ վարորդի աշխատավարձ, բացի վարորդներից, էլ ի՞նչ աշխատավարձ են հաշվել։ Երբ ասում ենք՝ ծախսերի բացվածք, նկատի ունենք ամբողջական փաթեթը, երբ այս ծախսերի հիմնավոր բացվածքը տան, այդ ժամանակ բոլորի համար տեսանելի կլինի, թե որքան դատարկ է հիմնավորումը, որը տալիս են քաղաքային իշխանությունները»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը վստահ է՝ Հանրային հեռուստաընկերության եթերում վերջին բանավեճից հասկացել է, որ քաղաքային իշխանությունը, որն ուզում է, այսպես ասած՝ ռեֆորմ անել, չի կարդացել ամբողջական փաթեթը՝ տարրական թվերի չի տիրապետում։ Այս դեպքում մնում է մեկ ճանապարհ՝ չզամանալ, քանի որ քաղաքային իշխանությունն իրավիճակին չի տիրապետում։
Չնայած այս ամենին՝ Բաբկեն Պիպոյանը հույս ունի, որ, ի վերջո, քաղաքային իշխանությունները կվերանայեն այս չհիմնավորված ու չտրամաբանված որոշումը՝ հանրային ճնշման ներքո։ Իսկ փորձագիտական դաշտն էլ պետք է ժողովրդին հիմնավորի, թե որքանով է այդ որոշումն անհիմն, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչքան է կազմում ինքնարժեքը։
«Շատ կարևոր է, որպեսզի հանրային դիսկուրսը լինի հետևյալի շուրջ, թե ով է ճիշտն ասում։ Պետք է հանրությունը գործի դնի «և-և»-ը, ոչ թե «կամ-կամ»-ը՝ այսինքն՝ փորձագիտական միտքը պետք է բոլորի կողմից գա առաջին պլան, այնուհետև երբ փորձագիտական միտքը կներկայացնի փորձագիտական արդյունք, կլինի հանրային մոբիլիզացիա։ Ես ոչ թե ասում եմ՝ փող մի տվեք առհասարակ, այլ ասում եմ՝ կառավարել սովորեք»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։
Հիշեցնենք, հունվարի 1-ից Երևան քաղաքի հանրային տրանսպորտի համար կներդրվի սակագների նոր փաթեթը։ Փաթեթը նախատեսում է, որ մեկանգամյա ուղեվարձի արժեքը կկազմի 300 դրամ, 30 օրվա տոմսային փաթեթը՝ 8800 դրամ, 90 օրվանը` 23.600, մեկ տարվանը՝ 88.000 դրամ՝ մեկ փաթեթից կկարողանա օգտվել միայն մեկ քաղաքացի: