Մեկ օրում 6 նախարարի աշխատանքից ազատած Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական ընտրություններին. չի՛ բացառվում նաև, որ ընտրական տարի դառնա 2025 թվականը, ուստի Փաշինյանն իր համար ճիշտ մարդկանց է փնտրում և դնում ճիշտ տեղերում. պատահական չէ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար աշխատած Գնել Սանոսյանին, որն ամենաարդյունավետ կապերն ունի մարզպետների և համայնքապետերի հետ, կարող է նշանակել այնպիսի կուսակցական պաշտոնի, որ վերջինս ընտրությունների ժամանակ աշխատի հենց մարզպետների հետ՝ ընտրական գործընթացները համակարգելու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի վարած կադրային քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Կա նաև այլ հանգամանք. Փաշինյանն ուժի ցուցադրմամբ է զբաղված և նախընտրական տարի մտնում է նոր իմիջով՝ վերաբրենդավորված։ Նա ցանկանում է ցույց տալ, որ իրավիճակին տիրապետում է»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով՝ փաշինյանականների գաղափարական թևի պահանջի կատարում պետք է համարել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի հեռացումը, ինչից հետո Արփինե Սարգսյանը դարձավ ՆԳ նախարար, ինչը կեղծ քաղհասարակության հաղթանակն է։
Միաժամանակ, ըստ «Հայաքվե» նախաձեռնության անդամի, Փաշինյանը լուծում է իր տված խոստումներն անիրական թողնելու համար մեղավորներ կարգելու հարցը, որովհետև տեսնում է, որ հաջորդ ընտրություններին չի կարող կրկնել 2021 թվականի ընտրության արդյունքները։
«Փաշինյանի վարկանիշն ընկած է. մարդիկ տեսնում են, թե ինչ է խոստացել 2021 թվականին, ինչ ունենք հիմա»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ ասֆալտ փռելով քվեներ հավաքելով զբաղված Փաշինյանին հավատացողների վերաբերյալ ընդգծելով.
«Մարդիկ մեղավոր չեն, որ ասֆալտի վրա են ուշադրություն դարձնում, մեղավոր չեն, որ նրանց համոզել են, թե Փաշինյանն անճար է և չի կարող ոտք գցել գելերի հետ։ Մոլորված հասարակության հետ տարվում է շատ կոնկրետ աշխատանք, որ՝ եթե «Նիկոլը չլիներ Հայաստանը չի լինի», և ցավալի է, որ մեր խեղճ ժողովրդի մի հատվածի համար, այո՛, կարող է կողմնորոշիչը լինել ասֆալտը»,- խոսքը եզրափակեց Սողոմոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։