Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Թուրքիան ու Ադրբեջանը վերսկսել են խոսակցությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին


168.am


Թուրքիան ու Ադրբեջանը վերսկսել են խոսակցությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նոյեմբեր 21, 2024


Ադրբեջանն ու Թուրքիան վերջին օրերին կրկին սկսել են հաճախակի անդրադառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է։ Նա նշել է, որ այս ուղղությամբ Անկարան ակտիվորեն աշխատում է ադրբեջանական կողմի հետ։

«Միջանցքը կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Ապա այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա»,- հայտարարել է թուրք նախարարը՝ նշելով, որ Անկարան նախագիծն արդեն ավարտել է, մրցույթն անցկացրել է և մոտ օրերս կսկսի շինարարական աշխատանքները՝ «ուղիղ տրանսպորտային կապ ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ օրերս հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում ասել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» շահավետ կլինի բոլոր կողմերի համար։

Կարդացեք նաև

«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը»,- ասել էր Ամիրբեկովը՝ շեշտելով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, իսկ Ռուսաստանը շահագրգռվածություն է ցուցաբերել։

Նա նաև նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը նաև կարող է հետաքրքրել Իրանին, քանի որ այն հնարավորություն կընձեռի ընդլայնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «դառնալով կարևոր գործոն տարածաշրջանային վստահության ամրապնդման գործում»։

Թեհրանից վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, թե Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ՝ աջակցելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Իսկ Թեհրանը դեմ է նշյալ ձևաչափով երթուղուն, ինչպես և ՀՀ իշխանությունները։ «Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն»,- New York Times-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշել էր. «Մենք որոշ տարաձայնություններ ունենք և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

Նոյեմբերի 14-ին էլ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի համար նախընտրելի է այս երթուղին իր տարածքով, քան ՀՀ-ի տարածքով, քանի որ հրապարակային մեկնաբանությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանին առաջարկվում է ճանապարհի այլ ձևաչափ՝ առնվազն ավելի արտոնյալ, քան կարող է լինել Իրանի դեպքում։

Նրա խոսքով, Իրանն այս մասին բազմաթիվ հայտարարություններ է արել՝ առաջարկելով դիտարկել իրանական տարբերակը։

«Որոշ ժամանակ իսկապես հստակ տպավորություն կար, որ Ադրբեջանը դիտարկում է հենց իրանական ուղին, սակայն մի որոշ ժամանակ անց վերսկսվեցին խոսակցությունները հայկական տարբերակի մասին»,- ասաց վերլուծաբանը՝ դա պայմանավորելով ամերիկյան կողմի նախընտրությունների և ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարությունների հետ։

Սալամին գտնում է, որ արևմտյան պրոյեկտի և ազդեցության տեսանկյունից իրանական երթուղին անթույլատրելի է, ուստի վերսկսվեցին բանակցությունները Երևանի մասնակցությամբ։

«Աշխարհաքաղաքական մրցակցություն կա, թե որ կենտրոնի ազդեցության ներքո կհայտնվի այս երթուղին, բանակցությունները նաև կողմերի միջև են, ուստի ժամանակ առ ժամանակ ակտիվանում է միջանցքի թեման, ժամանակ առ ժամանակ էլ խոսակցությունները պասիվանում են։ Իրանի դժգոհությունը՝ ուղղված ՌԴ-ին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ թեման կարծես հենց ռուսական կողմը վերջերս ակտիվացրեց։ Իրանը հիշեցրեց, որ այս հարցում Իրանը ևս կարմիր գծեր ունի։ Իրանը կողմ է բոլոր կոմունիկացիաների բացմանը, սակայն այն դեպքում, երբ հարգվում են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որի մասին հայտարարվել է»,- ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ, ի վերջո, յուրաքանչյուր երկիր փորձում է առաջ մղել այն որոշումները, որոնք բխում են սեփական շահերից։

Սակայն, նրա կարծիքով, պետք է նաև նշել, որ դրան դիմադրությունը, այդ թվում՝ Իրանի կողմից, տվել է իր արդյունքը, և այդ պրոյեկտը չի իրագործվել։

Ալի Սալամիի պնդմամբ՝ Իրանը տարաձայնություններ ունի այս հարցի շուրջ բոլոր այն դերակատարների հետ, որոնք հակառակ շահերն են հետապնդում ու այդ ուղղությամբ են քաղաքականություն վարում։

«Դա բնական է, հենց այդ պատճառով էլ կա ռեգիոնալ մակարդակում աշխատանք, որպեսզի ռեգիոնի բոլոր դերակատարների համար ընդունելի լուծումներ գտնվեն և հարգվեն սահմանները»,- նշեց Սալամին։

Ըստ նրա, պատահական չէ, որ այս հարցում Իրանն ուղիղ իր դիրքորոշումները, դժգոհություններն ուղղում է Ռուսաստանին և ոչ մնացյալ հետաքրքրված կողմերին, քանի որ ակնկալում է փոխըմբռնում Ռուսաստանի կողմից, այսինքն՝ դա հնարավոր է, իսկ այլ դերակատարների հետ հնարավոր է լարվածություն։

«Սա այս ռեգիոնի ամենաբարդ հանգրվաններից մեկն է, Իրանն աշխատում է ինտենսիվ կերպով իր դիրքորոշումներն առաջ մղելու համար, դա անում է թե Ռուսաստանի, թե Հայաստանի ու մնացած այլ երկրների հետ։ Սակայն չմոռանանք, որ Իրանը Մերձավոր Արևելքում ևս մեծ խնդիրներ ունի, ուստի այդտեղից կան բազմաթիվ վտանգներ, սպառնալիքներ, որոնք նաև Հարավային Կովկասի հետ կապ ունեն, ուստի Իրանը վարում է զգուշավոր քաղաքականություն, որպեսզի այդ սպառնալիքները վերանան և ոչ թե՝ շատանան»,- բացատրեց Ալի Սալամին։

Սակայն, դատելով հայտարարություններից, վերլուծաբանը գտնում է, որ, այսպես կոչված, միջանցքի հարցում կա էական անորոշություն նաև այն երկրներում, որոնք դրանով հետաքրքրված են։

«Կա անորոշություն, թե վերջնաարդյունքում որ երթուղին է գործելու՝ իրանակա՞նը, թե՞ հայկականը։ Ադրբեջանը ներկայումս քիչ է խոսում Իրանով անցնող երթուղու մասին, սակայն այդ հնարավորությունը լիովին չի բացառվում։ Այնուամենայնիվ, եթե այդ թեմային անդրադարձերը շատանում են, գուցե դա առաջիկայում բերվելու է բանակցային առաջին պլան»,- նկատեց նա։



https://168.am/2024/11/21/2129867.html?fbclid=IwY2xjawGtDv9leHRuA2FlbQIxMQABHSNcVJ35zjFqNJUt2yag9SCDe5sJBCNzZmU_osAes7tPADqhngCAWbk-hg_aem_2KDZ3Nird-MW_Hby9ef0zQ

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D1FAU-W_AQA3D6Px%2B-peuHEJVzqh9RZ3WfWmkkPDD3%2BEA%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]