Նոյեմբերի 26-ին Հայաստանի Փաստաբանների պալատում ձևավորված համակարգող խումբը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հանրությանը ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք գործողություններ։
Փաստաբանները, նախ, հրապարակեցին Վահե Հովհաննիսյանի ներկայացրած և մի շարք թվային անճշտություններ պարունակող հայտարարագրերը, ապա մանրամասն անդրադարձան մի շարք գործարքների, որոնք, փաստաբանների պնդմամբ, առերևույթ տեղավորվում են փողերի լվացման, ապօրինի գույքի ձեռքբերման քրեական հոդվածների տակ՝ Վահե Հովհաննիսյանի գլխին կախելով դրանք ապացուցելու պարագայում մինչև 8 տարվա ազատազրկում։
Օրինակ, ըստ փաստաբանների, Վահե Հովհաննիսյանը Ֆինանսների նախարար աշխատելու ժամանակաշրջանում մի դեպքում 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝զրո (0) տոկոսով, մեկ այլ դեպքում՝ արել է այնպես, որ իր հյուրանոցից միլիոնավոր դրամների չափով մեկ անձից գնում կատարեն Երևանի քաղաքապետարանն ու այլ մասնավոր կառույց, երրորդ դեպքով՝ իրեն պատկանող ընկերությունը գրանցել է քեռու անունով, ինչից հետո տվյալ ընկերությունը ստացել է 98 միլիոն դրամի հարկային արտոնություն, ինչից հետո արտոնության չափն ավելացվել է։
Պարզվում է, սակայն,Վահե Հովհաննիսյանի առերևույթ հակաօրինական գործողություններն այսքանով չեն ավարտվում. Հովհաննիսյանը միջազգային պահանջներին է նաև դեմ գնացել այն ժամանակ, երբ մինչև նախարար դառնալն աշխատում էր Ասիական զարգացման բանկում։
Եվ այսպես, Վահե Հովհաննիսյանը 2015-2020 և 2020-2021 թվականներին աշխատել է Ասիական զարգացման բանկում։
Բանն այն է, որ ինչպես Ասիական զարգացման, այնպես էլ՝ Համաշխարհային և Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկերն ունեն պարտադիր կատարման ենթակա պահանջ՝ իրենց աշխատակիցը պետք է սառեցնի որևէ կուսակցական անդամակցությունը։
Բայց արի ու տես, որ Վահե Հովհաննիսյանը միջազգային բանկի այդ պահանջին չի ենթարկվել և 2015 և 2016 թվականներին լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ՝ միաժամանակ 2015-2020 և 2020-2021թթ. աշխատել է Ասիական զարգացման բանկում՝ զբաղեցնելով այլ երկրում ներկայացուցչի բարձր պաշտոն։
Հավելենք, որ նախկին իշխանությունների օրոք այս միջազգային պահանջին պարտադիր ենթարկվել են այդ բանկերում երբեմնի աշխատած բոլոր պաշտոնյաները՝ դադարեցնելով որևէ կուսակցության իրենց անդամակցությունը։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փաշինյանական իշխանության և պաշտոնյաների մասին:
Լուսապատճենները՝ Վահե Հովհաննիսյանի կենսագրականից՝ ստորև: