Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ժամանակին ասել է. «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»:
Իսկ օրեր առաջ, այս նոյեմբերի 18-ին մի չստացված դերասան գրեց.
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»՝ մոռանալով, որ ինքը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահն է, ու թերևս իրեն չպիտի հուզեն իրավապահ կառույցների ղեկավարների պարտադրված հրաժարականները:
«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,- գրել էր Կարեն Անդրեասյանը՝ փորձելով ստեղծել զոհի կերպար ու մարդկանց ընկալումներում ամրապնդվել՝ որպես այլևս չդիմացող պաշտոնյա… Եվ ոչինչ, որ այդ պաշտոնյան շուրջ 2 ամիս առաջ ասել էր՝ պաշտոնավարելու է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027թ. հոկտեմբերի 6-ը:
Ուրեմն ի՞նչը ստիպեց դատական համակարգը գլխատած Կարեն Անդրեասյանին գրել հրաժարականի նամակը: Ի դեպ, նամակներ գրել կարծես թե շատ է սիրում. անցյալ տարի էլ Ձմեռ պապիկին էր նամակ գրել՝ անոնսելով առաջիկա անելիքները:
Այս փոքր երկրում ու առավել փոքր քաղաքում ոչինչ գաղտնի չի մնում, ու Գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Անդրեասյանին Նիկոլ Փաշինյանը ոչ թե SMS-ով խնդրել է հրաժարական ներկայացնել, ինչը նաև Փաշինյանը հաստատեց, այլ դա եղել է փոխշահավետ պայմանավորվածության արդյունք:
Պարզվում է, որ Կարեն Անդրեասյանին մինչև 2027թ. հոկտեմբերը պաշտոնավարելու հաստատակամ մտքից հետ է պահել մի գողտրիկ դատական հայց… Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին:
Դատախազությունը, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, Կարեն Անդրեասյանի և նրա մտերիմ ընկեր, արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որը հետո ինչ-որ հրաշքով հետ է վերցրել: Այսինքն՝ Կարեն Անդրեասյանի համար «հրաշքը» կոնկրետ անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան, ում այդ օրերին կարողացել է տեսնել Կարեն Անդրեասյանն ու լուծել հարցը: Ասել է թե՝ հարցը ժամանակավորապես փակ է: Կրկնում ենք, միայն ժամանակավորապես, որովհետև մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանն այժմ երկրում չէ… Կա՛մ վերականգնվում է ծանր հոգեկան ապրումներից հետո, կամ հայտնի ձկնիկի պես «իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Ինչևէ, ապօրինի գույքի հարցը դատարանի վարույթից Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի հանել. փոխարենը Կարեն Անդրեասյանին ասել է, որ նա էլ պիտի հեռանա, քանի որ իր մնալը ճիշտ չի ընկալվի: Դե, Կարեն Անդրեասյանն էլ ուրախ-ուրախ գրել է հրաժարականի դիմումն ու հեռացել… Ոչ միայն իր պաշտոնից փաստորեն:
Ամեն բան շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:
Արդարադատության նախարարի պաշտոնում 30-40 կոռումպացված, դատական համակարգում «ծվարած» կոռուպցիոներների մասին բարբաջող, վերջերս իր ասածից թռած, բայց էդ արանքում չգիտես ո՞ր ծվարած կոռուպցիոների ձեռքով ՄԻԵԴ վճռով խախտման արձանագրման դատավորին կրկին դատավոր դարձրած, ՄԻԵԴ վճռի հիման վրա 3 դատավորներին համակարգից հանած, բայց յուրայիններին չկպած, կարգապահական վարույթների ժամանակ մաքուր քաղաքական հայտարարություններ անող, բայց հարցազրույցի համար համակարգից դատավոր հեռացնող, կարգապահական վարույթների ժամանակ վարույթը բերողի հետ հանդիպող ու հարցեր քննարկող, կուսակցական փաստաբանին դատավոր դարձնող, իր աշխատասենյակի առաջ մետաղադեդեկտորներ դրած, ԲԴԽ-ում Վերաքննիչ քրեական դատարանի ստվերային նախագահի ընտրություն կազմակերպած (ցանկը՝ շարունակելի,- Գ.Ս.) ԲԴԽ նախագահի գույքն առնվազն կասկածելի ծագում ունի, ու այս մարդը բարոյականություն ունի խոսել այլ ենթադրյալ կոռուպցիոներներից:
Ինչպես ասում են, կյանքը երբեմն շատ արդար է գտնվում: