Նախօրեին Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի Կլիմայի СОР29 միջազգային համաժողովը, որը մեկնարկել էր նոյեմբերի 11-ին։ Դեռևս ամիսներ առաջ` մարտի 14-ին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը, ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել էր, թե Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP29-ը, այնուհետ՝ շարունակել.
«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»:
Բրիտանիայի նախկին վարչապետի կողմից բարձրաձայնվող այս սցենարն Ադրբեջանը շարունակել էր առաջ մղել։ Եվ արդեն մայիս ամսին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Էլչին Ամիրբեկովը հիշեցրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող ադրբեջանցի և հայ զինծառայողների: Հայաստանն էլ աջակցությունն է հայտնել COP29-ը Բաքվում անցկացնելու՝ Ադրբեջանի հայտին, և հանել իր թեկնածությունը: Իսկ Ադրբեջանն աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:
«Իհարկե, սա մեծ առաջընթաց էր, քանի որ առաջին անգամ ուղիղ շփումների միջոցով մենք վստահության ամրապնդման քայլեր կատարեցինք: Դա ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունները՝ առանց երրորդ կողմերի մասնակցության»,- հավելել էր ադրբեջանցի պաշտոնյան: Այս հայտարարություններին զուգահեռ՝ պաշտոնական Երևանը Միացյալ Նահանգների հետ համաձայնեցմամբ ձգտում էր համաձայնագիրը ստորագրել մինչ COP29-ը, որի համար ԱՄՆ-ը մի քանի նախարարական հանդիպում անցկացրեց, ինչպես նաև Բլինքենի մակարդակով հեռախոսազանգեր Երևան և Բաքու, սակայն ապարդյուն։ Երևանի ու Բաքվի միջև որևէ պայմանավորվածություն չհաջողվեց ձեռք բերել, օգտագործելով միջազգային այս համաժողովի անցկացման հանգամանքը։
Այս ամենի հետ մեկտեղ՝ օգոստոսին ՌԴ-ն նախագահի մակարդակով կողմերին առաջարկեց ռուսական հարթակը բանակցությունների համար։
Հոկտեմբերին Պուտինը հյուրընկալեց ԱՊՀ ղեկավարների մակարդակով հավաքը, որի շրջանակում կար հնարավորություն կազմակերպելու Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն չհաջողվեց, ըստ լուրերի, հայկական կողմի ցանկության բացակայության պատճառով։ Սակայն հոկտեմբերի 24-ին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցան Փաշինյան-Ալիև շփումներ, որոնք հայկական կողմին, դատելով հայտարարություններից, լավատեսություն ներշնչեցին մոտ ապագայում ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի վերջնականացման մասով։
Սակայն COP29-ին հայկական կողմի մասնակցությունը ևս չհաջողվեց այն պատճառով, որ Բաքուն նույնիսկ չհամաձայնեց ռազմագերիներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Իսկ համաժողովի միջազգային հարթակն ու միջազգային մասնակցությունն օգտագործեց Հայաստանի ու Արևմուտքի, Ֆրանսիայի դեմ լայն քարոզչություն իրականացնելու և սպառնալիքներ տարածելու համար։ Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ բանակցությունները կվերսկսվեն, ամենայն հավանականությամբ, հունվար ամսին։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ամռանն ավարտվեց բանակցություններում Արևմուտքի ակտիվության փուլը։
Նրա խոսքով, դրան նախորդած շրջանը, թերևս, կարելի է համարել արևմտյան միջնորդական ակտիվության գագաթնակետը։
«Ներկայումս կոնֆիգուրացիան փոխվում է, Բայդենը պատրաստվում է լքել Սպիտակ տունը, ինչը, չնայած ուկրաինական ռազմաճակատում լարման միտումներին, անորոշություն է ենթադրում թե Եվրոպայի, թե ԱՄՆ գործընկերների և Հարավային Կովկասի համար, որոնց խնդիրը եղել է ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը թիրախավորելը և վնասելը։ Հավաքական Արևմուտքի՝ Ռուսաստանին առնչվող ծրագրերը մեծապես կապված էին Բայդենի վարչակազմի հետ, թեև Թրամփից սպասումները չափազանց անորոշ են, չի բացառվում, որ հակամարտությունը չընթանա մեղմացման ճանապարհով, քանի որ Թրամփը նախագահությունը ստանձնելու է բավականին սրված ուկրաինական հակամարտությամբ, Թրամփից Արևմուտքի, Ուկրաինայի իշխանության լուրջ սպասումներով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, այս իրավիճակում Ադրբեջանը շրջադարձ է արել դեպի ռուսական հարթակ։
«Սա, կրկնեմ, գուցե ժամանակավոր երևույթ լինի։ Միանշանակ է, որ Արևմուտքը չի մասնակցի բանակցություններին՝ որպես միջնորդ, սա Ադրբեջանի կարմիր գիծն է դառնում, իսկ ՀՀ-ն գուցե ռուսական միջնորդությանը չհամաձայնի, ինչը ևս կբխի Ադրբեջանի շահերից, որը ցանկանում է միայնակ, առանց ականատեսների, միջնորդների բանակցել։ Սակայն այս պահի դրությամբ, կարծում եմ՝ երկու տարբերակն էլ դիտարկվում է Ադրբեջանի կողմից՝ թե ուղիղ բանակցություններ, թե ՌԴ միջնորդություն, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամբողջական իրագործման անհրաժեշտություն է քննարկվելու»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Երևան-Բաքու հարաբերություններում առկա մթնոլորտին՝ Արեշևն ասաց, որ այն դրական չէ, քիչ հիմք կա՝ ասելու, որ կողմերը պատրաստվում են խաղաղության։
«Մյուս տարի սկսվելիք բանակցությունները, ըստ իս, բավականին բարդ են լինելու, ՀՀ-ին ուղղված արևմտյան ուշադրությունը, կարծում եմ, էապես կթուլանա, սա էլ իր հետևանքները կունենա։ Արտաքին քաղաքական առումով Երևանը գուցե բավականին բարդ իրավիճակում հայտնվի, քանի որ Ռուսաստանի հետ դաշնակցությունը փոփոխված է, խաղադրույքն Արևմուտքի վրա էր, որն ամենայն հավանականությամբ փոխելու է քաղաքականության ուղղությունները»,- նկատեց նա։