Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ զենքի վաճառքը կամ սպառազինության, ռազմատեխնիկայի գնումը գաղտնիություն է պահանջում, հատկապես, երբ դրանք դեռ Հայաստան չեն հասել:
«ՀՀ ԶՈւ-ն այսօր դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը։ Մամուլը գրում է` էսինչ հրթիռն ուղևորվել է Հայաստան։ Լավ, հնարավոր չի՞ պայմանագիր կնքելիս գրել, որ սրա մասին հրապարակումն արգելվում է, ինչպես ամբողջ աշխարհն է անում։ Հնդկական մամուլը գրում է, հայկական էլ` արտատպում»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ դրա համար էլ հաճախ լոգիստիկ խնդիրներ են առաջանում։
Առհասարակ, բանակին մոտ կանգնած ընդդիմադիր պատգամավորները, ոչ իշխանական ռազմական փորձագետները բազմիցս խոսել են, որ սպառազինության մատակարարման մասին տեղեկությունները ժամանակից շուտ չպետք է հրապարակայնացվեն քաղաքական և քարոզչական նպատակներով:
Մենք ևս բազմիցս գրել ենք այս մասին, երբ իշխանության ներկայացուցիչները կամ արևմտամետ քաղաքական գործիչներն ու փորձագետները նմանօրինակ տեղեկություններ են դաշտ նետել և հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրությունը:
Իսկ Գեղամ Մանուկյանի հիշատակված ելույթի օրերին New Indian Express-ը՝ հղում անելով համալիրներն արտադրող «Bharat Electronics Limited» ընկերությանը, տեղեկություն էր տարածել, թե Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը:
Անհասկանալի էր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բուռն արձագանքը, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ինքն էլ լավ գիտի, որ ոչ միայն հնդկական մամուլն է ճիշտ կամ սխալ տեղեկությունների արտահոսք անում, այլև իշխանական ներկայացուցիչները և իշխանական պատգամավորներն են տարբեր առիթներով Հայաստանին մատակարարվող կամ մատակարարվելիք սպառազինությունների հետ կապված տեղեկություններ հայտնել լրատվամիջոցներին, մինչդեռ պաշտպանական գերատեսչությունը նմանօրինակ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չի համարել:
Նոյեմբերի 24-ին արդեն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:
Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:
Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»:
Իսկ նմանօրինակ արտատպումներ անում են նաև իշխանական լրատվամիջոցները, որոնց ղեկավարների ձեռքին է ամբողջ տեղեկատվությունը, և եթե նրանք սխալ տեղեկություններ են տարածում, նրանց պատասխանատվությունը շատ ավելին է, դեռ մի կողմ թողնենք նմանօրինակ տեղեկություններ տարածող տելեգրամյան այն ալիքների առկայության փաստը, որոնք դե ֆակտո գտնվում են իշխանական վերահսկողության տակ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Հնդկաստանից սպառազինության գնմանը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ «Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել էր, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։
Լրատվամիջոցը որպես աղբյուր՝ նշել է Army Recognition պաշտպանական նորությունների հարթակը, որն էլ իր հերթին՝ հղում է արել հարավկորեական «Չոսուն Բիզ» լրատվամիջոցին։
«ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ»,- նշվում է «Արմենպրեսի» հոդվածում։
Ավելին, civilnet.am-ն արձանագրել էր հայկական բազմաթիվ աղբյուրներ, որոնք տարածել էին կորեական տանկերի ձեռքբերման անհիմն տեղեկությունը, կապված են իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այդ թվում՝ FreeNews, AraratNews, MediaNews, ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Իսկ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման հարթակը՝ CivilNetCheck-ը, նաև պարզել էր, որ Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրն ադրբեջանական է:
Բնականաբար, ոչ իշխանական կամ ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես ունեն պատասխանատվություն, որոնք այսօր էլ ՀՀ պաշտպանության նախարարության հորդորից հետո հնդկական մամուլից տեղեկություններ են տարածել Հայաստանին մատակարարվող սպառազինության մասին, բայց իշխանական լրատվամիջոցների, և հատկապես կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Այս կառույցի գոյությունը մի քանի հարյուր միլիոն է արժենում ՀՀ հարկատուների վրա, բայց տեղեկատվական պատերազմի, տեղեկատվական անվտանգության խնդիրներով զբաղվելու փոխարեն, նրանք ներքաղաքական, քարոզչական հարցեր են միայն կարգավորում և զբաղված են «ֆեյքերի» կառավարմամբ:
Արդյո՞ք ՊՈԱԿԸ չպետք է ուսումնասիրի, օրինակ, որքանով են լուրջ հնդկական աղբյուրները, կամ Հայաստանին մատակարարվող զենքերի մասին տեղեկություն տարածողներն առնչություն ունե՞ն թշնամական երկրի հետ, ի՞նչ նպատակ է այս ամենը հետապնդում:
Այն, որ բիզնես շահեր կան, այն, որ Հայաստանի հաշվին և շնորհիվ Հնդկաստանը բարելավեց իր դիրքերը զենքի համաշխարհային շուկայում՝ պարզ է, բայց արդյո՞ք Հնդկաստանը Հայաստանի հաշվին չի թաքցնում իր սպառազինության տեխնիկական խնդիրները, այսինքն՝ նման արտահոսքերով չի՞ փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչի մասին երբեմն տեղեկություններ են շրջանառվում: Այս հարցի պատասխանը, իհարկե, պաշտպանության նախարարության պատասխանատվության դաշտում է:
Մյուս կողմից, Պաշտպանության նախարարի հետ փակ քննարկումների և նրա ուղեկցությամբ այցերի ժամանակ լրատվամիջոցները հնարավորություն ունեն ճշգրտումներ անելու, թե որ տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը, այլ հարց է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են օգտվում այդ հնարավորությունից, հետո արդեն տեղեկություն ստանալու խնդիր են ունենում:
Իսկ պաշտպանական գերատեսչությունը պետք է, թերևս, գաղտնիության սկզբունքի ապահովման որոշակի պայման դնի նաև իր գործընկերների առջև: Դժվար թե նույն Հնդկաստանն այդքան բաց և շատ տեղեկություններ է տարածում իր սպառազինության գնորդ հանդիսացող մյուս երկրների հետ կապված:
Ի դեպ, ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տելեգրամյան ալիքները ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը հետևյալ կերպ էին մեկնաբանել. «Հայաստանը քար է գցում Հնդկաստանի բոստանը»: