Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

«Իրական Հայաստանի» պատմական բյուջեն՝ պատմության աղբանոցում


168.am


«Իրական Հայաստանի» պատմական բյուջեն՝ պատմության աղբանոցում

Նոյեմբեր 24, 2024


Ազգային ժողովում անցած շաբաթ ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հայտարարվեց առնվազն 4-օրյա ընդմիջում, որից հետո կառավարությունը քվեարկության կներկայացնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։

Կասկած չկա, որ, անկախ լավ կամ վատ լինելուց, նախորդ բյուջեների նման, իշխանական խմբակցությունն այս մեկն էլ կդակի ու կանաչ լույս կվառի կառավարության առաջ։ Այն կառավարության, որը հասցրել է ամբողջությամբ ձախողել 2024թ. պետական բյուջեն, չի կատարել բյուջեով առաջադրված խնդիրներն ու ոչ մի պատասխանատվություն չի կրել դրա համար։

Անցած տարի, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այս տարվա պետական բյուջեի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն այն համարում էր պատմական ժամանակների պատմական բյուջե։

«Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի նախագիծը, և պիտի միանգամից ասեմ, որ սա, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է»,- պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Վերջին օրերին Ազգային ժողովում քննարկվող հաջորդ տարվա պետական բյուջեին Նիկոլ Փաշինյանը խուսափեց որևէ բնորոշում տալ՝ մոռանալով ընդամենը մեկ տարի առաջվա «պատմական» գնահատականը։ Գուցե ոչ միայն այն պատճառով, որ հաջորդ տարվա բյուջեն խայտառակ համեստ է այդպիսի բնորոշում ստանալու համար, այլ որովհետև հիմա Փաշինյանը պատերազմ է հայտարարել ցանկացած պատմական երևույթի դեմ։ Իր քարոզչության տրամաբանությամբ՝ նա «պատմական բյուջե» ձևակերպման փոխարեն՝ պետք է օգտագործեր «իրական բյուջե» անվանումը, բայց չէր կարող, որովհետև 2025 թվականի բյուջեն հեռու է անգամ իրական լինելուց։

Եվ այս տարի Փաշինյանը խորհրդարանում նույնիսկ բյուջեի ցուցանիշներին չանդրադարձավ։ Մինչդեռ՝ նախորդ տարի ոգևորված ցուցանիշներ էր հրապարակում, տարիներ առաջվա հետ էր համեմատություններ անում, բարձր աճերից էր խոսում։ Այսօր տեսնում ենք, որ այդ բոլորը զառանցանք էր։ Կառավարությունն ամբողջությամբ ձախողել է «պատմական ժամանակների պատմական բյուջեի» կատարումը։ Ցուցանիշները, որոնց մասին ժամանակին խոսում էր Նիկոլ Փաշինյանը ու ներկայացնում՝ որպես կատարված իրողություններ, մնացել են թղթի վրա։

Բյուջեի նախատեսված մուտքերը չեն կարողացել հավաքել։ Հարկային եկամուտների մեծ ճեղք են գոյացրել ու բյուջեն կանգնեցրել ծախսերը կատարելու խնդիրների առաջ։

Բյուջեով նախատեսված 750 մլն դոլարի ծախսեր 9 ամսում չեն կատարել։

Նախատեսվածի համեմատ՝ գրեթե 400 մլն դոլարով պակաս հարկ են հավաքել։

Չեն կարողացել ապահովել ոչ միայն բյուջետային եկամուտները, այլև բարելավել տնտեսությունից հավաքագրվող հարկերի որակը։ Պարտավորվել էին հարկեր-ՀՆԱ-ն ավելացնել 0,7 տոկոսային կետով, այսօր հայտարարում են, որ այն կլինի ընդամենը 0,2 տոկոսային կետի չափով։

Ավելի, քան եռակի ցածր, քան նախատեսել էին պետական բյուջեով։ Այն բյուջեով, որը հաստատել է այսօրվա Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը։

Ձախողել են ոչ միայն բյուջեի, այլև տնտեսական աճի կատարումը։ Պարտավորվել էին, որ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովեն, սպասում են 5,8 տոկոսանոց աճի՝ 1,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան պարտավորվել էին։

Դեռ չենք ասում, որ արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում էլ խոստանում էին 9 տոկոս տնտեսական աճ։ Թե արտաքին միջավայրը որքանով է բարենպաստ եղել այս տարվա տնտեսական աճի համար, նույնիսկ անիմաստ է խոսելը։ Եղած աճն էլ, որ սպասում են, գերազանցապես արտաքին բարենպաստ գործոնների արդյունք է։

Ու այդպիսի նպաստավոր գործոնների պարագայում անգամ 7  տոկոսի չեն կարողացել հասնել։

Առաջին կիսամյակի արդյունքներով, տնտեսական աճն արդեն ցածր էր նախատեսվածից. վեց ամսում կազմեց 6,5 տոկոս։

Հույս չունեն, որ երկրորդ կեսին նույնիսկ աճի այդ մակարդակը կկարողանան պահպանել։

Երկրորդ կիսամյակի աճն ավելի ցածր են գնահատել՝ ընդամենը 5,1 տոկոս։

Հաջորդ տարի էլ ավելի ցածր աճ են ակնկալում՝ ընդամենը 5,6 տոկոս, չնայած խոստացել էին, որ յուրաքանչյուր հաջորդ տարի առնվազն 7 տոկոս աճ են ապահովելու։

Հայտարարում են, թե տնտեսության պոտենցիալը բարձրացրել են, բայց տնտեսական աճը գնալով նվազում է։

Նվազում է, որովհետև ոչ մի պոտենցիալ էլ չի բարձրացրել։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր և հատկապես արտադրական հատվածը հասցրել են ողբալի վիճակի։ Եղած աճերն էլ գերազանցապես առևտրի ու շինարարության ոլորտների հաշվին են, որտեղ ավելացված արժեք գրեթե չի ստեղծվում։

Տնտեսություն չեն թողել, տնտեսությունը խեղդվում է էժան ներմուծումների ու արտահանման դժվարությունների պատճառով, չի կարողանում վերարտադրվել ու վերազինվել։ Չկան ներդրումներ, ներդրումները գնում են երկրից։ Այս բյուջետային տարում ավելի քիչ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են մտել իրական տնտեսություն, քան դուրս են եկել։

Միակ բանը, որն ամեն տարի անշեղորեն կատարում են՝ պետական պարտքն է։ Մինչև տարեվերջ կառավարության պարտքը կանցնի 12,6 մլրդ դոլարից։

Պարտքի աճը կրկնակի կգերազանցի տնտեսական աճին՝ մեծացնելով պարտքային ճնշումը տնտեսության ու պետական բյուջեի վրա։

Արդեն հաջորդ տարի բյուջեի 11 տոկոսը կուղղվի պարտքի միայն տոկոսների վճարմանը։

Հաջորդ տարի պարտքն էլ ավելի ինտենսիվ կավելանա, որովհետև կառավարությունը ձախողել է այս տարվա բյուջեի կատարումը, չի կարողացել զարգացնել տնտեսությունը, բարձրացնել տնտեսության հարկային պոտենցիալը, հարկունակությունը ու հաջորդ տարվա բյուջեի ծախսերը, նաև պաշտպանված ծախսերը կատարելու համար ավելի շատ պարտքեր է պատրաստվում վերցնել։

Պարտքերի անիվն այնքան արագ են պտտում, որ շուտով տնտեսությունը ստիպված է լինելու աշխատել՝ պարտքերը փակելու համար։

Սրանք են Նիկոլ Փաշինյանի բնորոշած՝ «պատմական ժամանակների պատմական բյուջեի» կատարման արդյունքները։ Հաստատել են մի փաստաթուղթը, վերջում ստացել բոլորովին այլ արդյունք։ Նախատեսել են ցուցանիշներ, որոնք օրենքի ուժով պարտավոր էին կատարել, բայց չեն կարողանում կատարել։ Խախտում են օրենքը, ու ոչ մի պատասխանատվություն։

Այսպես էլ պատրաստվում են ստանձնել հաջորդ տարվա բյուջեի կատարման պարտավորությունը ու մոռանալ, թե ինչեր էին պարտավորվել մեկ տարի առաջ և ինչքանով են կատարել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



https://168.am/2024/11/24/2129647.html?fbclid=IwY2xjawGwuqhleHRuA2FlbQIxMQABHYOqjj296RM-qFb3TQa6QgwTQeQPa9iglhP99ceY_5LK7u0W6dwVDxAgjg_aem_rt7yCp2GahJEMlgxTLqrXg

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D2N1QeceTqvwJetj%3DtURRsiLg8MH5rQ5o9QhJfE5PkQLA%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]