2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած հազարավոր ընտանիքներ օրվա հացը վաստակում են արցախյան ժենգյալով հաց, փախլավա, զանազան թթուներ ու քաղցրավենիք պատրաստելով ու վաճառելով։ Այս ընտանիքներից մեկն էլ 35-ամյա Տաթևիկ Գրիգորյանի ընտանիքն է։
Տաթևիկն իր մայրիկի հետ ամիսներ առաջ սկսեց պատրաստել ու վաճառել ժենգյալով հաց և թթու։ Արցախում նա աշխատել է բանկային համակարգում, վերջին տարիներին՝ «Արցախբանկում»։ Մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում բանկային համակարգում աշխատանք փնտրել ու չգտնելուց հետո, որոշել է, որ չպետք է տարիներով սպասի, մինչև կարձագանքեն իր ուղարկած աշխատանքային հայտարարություններին, պետք է գործի։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի բենզինի պայթյունի հետևանքով զոհվել է Տաթևիկի հայրը, որից հետո նա ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Այսօր 35-ամյա կինն աշխատում է՝ վաստակած գումարի մի մասը տալիս է վարձակալած բնակարանին, մյուս մասով ապահովում երեխաների օրվա հացն ու իր համար դեղեր է գնում։
«Հայրիկիս զոհվելուց և Արցախից բռնի տեղահանվելուց հետո երկար ժամանակ ուշքի չէինք գալիս կատարվածից։ Այդ ամենի արդյունքում լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցա։ Մեկ տարուց ավելի բանկային ոլորտում աշխատանք գտնելու փորձեր արեցի, գրեթե բոլոր բանկերին դիմել եմ, սակայն որևէ տեղից աշխատանքի արձագանք չեղավ։
Հայրիկիս զոհվելուց հետո այժմ մայրս մեզ հետ է ապրում, միասին որոշեցինք, որ պետք է տանը ժենգյալով հաց ու թթու պատրաստենք, վաճառենք, սա երկուսիս մոտ էլ շատ լավ է ստացվում։։
Երեխաներս փոքր են, և ինձ հարմար է դեռ տանն այս գործունեությունը ծավալել։ Առաքում ունենք՝ Երևան քաղաքում, պարզապես մեկ օր առաջ պետք է պատվերը տան, հաջորդ օրը մենք պատվերը կհասցնենք իրենց թողած հասցե: Մեզ կարող են գտնել Աջափնյակում՝ Նորաշեն 47 հասցեում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկը։
Այս պահին շատ հաճախորդներ չունեն, եղած քիչ հաճախորդների արձագանքներից էլ Տաթևիկը հասկացել է, որ իրենց պատրաստածը համեղ է, քանի որ, մեկ անգամ եթե գնում են թթու կամ ժենգյալով հաց, մի քանի օր հետո կրկին պատվիրում են։
«Ես, մայրս, մեզ ճանաչողները փորձում ենք այս տեղեկությունը ներկայացնել բոլորին՝յուրաքանչյուրս մեր շրջապատում, հույս ունենք, որ հաճախորդները կավելանան։ Հիմա խնդիր ունեմ՝ առաքման տուփերի հետ կապված, տուփեր այս պահին չեմ կարողանում ձեռք բերել, քանի որ ֆինանսապես ի վիճակի չեմ։ Երբ մեր գնորդները շատանան, տուփեր կառնեմ, որպեսզի առաքումն է՛լ ավելի հարմար լինի, հիմա եթե առաքում եմ ունենում՝ խանութից ստիպված հարմար մի տուփ եմ առնում։
Չեմ կարող ասել, որ թթուն ու ժենգյալով հացը յուրահատուկ ձևով ենք պատրաստում, պատրաստում ենք այնպես, ինչպես ցանկացած արցախցի, պարզապես մենք բաղադրությանը շատ բաներ ենք ավելացնում, որոնք Հայաստանում չեն ավելացնում։ Փորձում ենք այնպես անել, որ Արցախի համն ու հոտը նույնությամբ փոխանցենք մեր հաճախորդներին։
Հայաստանում թթուն հիմնականում պատրաստում են նեխուրով՝ քարավուզով, իսկ մենք չորացած սամիթի պոչերն ենք օգտագործում, նույնիսկ աղաջուրն ենք տարբեր անում։ Հայաստանում թթուն մարինացված է ստացվում, մերն այդպես չէ, մենք բալի թևեր էլ ենք օգտագործում, ինքս ամռանը հավաքել ու չորացրել եմ թթվի համար։ Դե կան, իհարկե, որոշակի գաղտնիքներ, որոնք պատրաստելիս կանայք օգտագործում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Տաթևիկ Գրիգորյանի խոսքով՝ իրենց ընտանիքին օգնելու համար կարող են գնել իրենց պատրաստած թթուն և ժենգյալով հացը։
Հ.Գ. Պատվերների համար Տաթևիկ Գրիգորյանի հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահարմարով՝ 097-21-87-21։