Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցավ երկու տարվա կյանք, սակայն այդ երկու տարիների մեջ խտացած պատմությունն այնքան խորն է, բովանդակ, լիարժեք չվերլուծված, որ յուրաքանչյուր ընթերցողի համար այն ամեն անգամ բերում է նոր շերտեր, ընկալումներ, խորհրդանիշներ և գաղափարներ:
Մյուս կողմից հարկ է նշել, որ զուգահեռներ տանելով Հայաստանի վերջին տարիների իրադարձությունների և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության հետ, տեսնում ենք, որ շատ իրողություններ գրեթե նույնությամբ կրկնվում են: Թշնամիները շարունակում են առաջ շարժվել նույն գաղափարներով, իրենց գաղափարներն իրագործում են նույն մեթոդներով, ամեն ինչ նույնն է և ցավալիորեն նույնն է նաև մեր դիրքորոշումն ու ընկալումները ներքին և արտաքին թշնամիների վարած քաղաքականության շուրջ:
Առաջին Հանրապետության ամենաբարդ էտապներից մեկն իր գոյության վերջին ամիսն էր՝ 1920 թվականի նոյեմբերը: Այդ ամսին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հարկ է հիշել, ինչո՞ւ չէ՝ նաև տանել զուգահեռներ մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
1920 թվականին շատ բարդ իրավիճակում էր գտնվում Հայաստանը: Հայաստանի համար ծանր իրավիճակ սկսվեց հատկապես նույն թվականի հոկտեմբերի 14-ից: Հենց այդ օրը որոշում կայացվեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանը խորհրդայնացնելու մասին: Սեպտեմբերին սկսվեց հայ–թուրքական երկրորդ պատերազմը: Այդ բարդ պայմաններում հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավեցին Կարսը: Թուրքական զորքերը Կարսում զբաղված էին վայրագություններով, որոնց զոհ գնաց մոտ 6000 մարդ: Գերեվարեցին մոտ 3000 մարդու: Կարսի արյունահեղ իրադարձություններից հետո՝ նոյեմբերի 18-ին, կնքվեց զինադադարի համաձայնագիր, ինչը շատ ծանր պայմաններ ունեցավ Հայաստանի համար:
Պատերազմում պարտությունը, ստեղծված բարդ իրավիճակը դրդեցին, որպեսզի նոյեմբերի 23-ին հրաժարական տա Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանը և իր կառավարությունը:
Այդ առիթով Սիմոն Վրացյանը հետագայում գրում է. «Զինադադարի դաժան պայմանների կնքումով Օհանջանյանի կառավարությունն այլևս հեղինակությունը կորցրել էր ժողովրդի աչքին: Ամեն կողմից պահանջում էին նրա հրաժարականը: Եվ կառավարությունն ինքն էլ, մասնավորապես՝ վարչապետը և զինվորական նախարարը, աշխատում էին օր առաջ ազատվել իրենց ուսերի վրա ծանրացած պարտականություններից»: (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993, էջ 517):
Նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի կառավարությունը, ով խորհրդարանին ուղղված իր տեքստում մասնավորապես նշեց.
«Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա… իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը»: (Տե՛ս՝ Պատմական ակնարկ – Նախկին վարչապետեր – Հայաստանի Հանրապետության Կառավարություն):
Նույն օրը խորհրդարանում առաջարկվում է վարչապետի նոր թեկնածու և կատարվում է նոր նախարարների ընտրություն: Վարչապետի թեկնածու է առաջարկվում նախկին գյուղատնտեսության, պետական գույքերի և աշխատանքի նախարար Սիմոն Վրացյանը, ով ընտրվում է վարչապետի պաշտոնում և անում այս հայտարարությունը.
«Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին: Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ: Ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցությամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով»: (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 520):
Վարչապետ ընտրվելուց ուղիղ 24 ժամ անց Սիմոն Վրացյանը ներկայացնում է կառավարության կազմը և հանդես գալիս հայտարարությամբ:
Այդ հայտարարության մեջ նկատում ենք ժամանակի բարդ վիճակը, Հայաստանի առաջ ծառացած ծանրագույն խնդիրները և, որ ամենակարևորն է՝ այդ խնդիրների հիմքում աշխարհաքաղաքական ուժերի գործոնը: Պատմությունը նույնությամբ կրկնվում է նաև այսօր.
«Վերջին տարիների ընթացքում անդրկովկասյան ժողովուրդներին հասած բոլոր աղետների և դժբախտությունների պատճառը աշխարհի հզորների վարած իմպերիալիստական քաղաքականությունն է, որի հետևանքով անվերջ և արյունահեղ կռիվների և ավերածությունների թատերաբեմ է դարձել նաև Հայաստանը: Այդ քաղաքականությունը սպառել է Հայաստանի դեմոկրատիայի շինարարական եռանդը: Այսպիսի քաղաքականության հետևանքներից մեկն է նաև վերջին պատերազմը իր բոլոր արհավիրքներով: Ներկա կառավարության առաջին և գլխավոր նպատակն է լինելու հանել մեր երկիրը քաղաքական այս շրջապտույտից և ազատել նրան օտար ուժերի քայքայիչ ազդեցությունից»: (Նույն տեղում՝ էջ 522):
Սակայն, ինչպես պատմությունը ցույց տվեց, Համո Օհանջանյանի կառավարությունը չկարողացավ ազատել երկիրն ՕՏԱՐ ՈՒԺԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ: Նույն օրն Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցությունները: Արդեն իսկ նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Սարգիս Կասյանի նախագահությամբ մտան Իջևան և հայտարարեցին, որ կառավարությունը տապալված է, և Հայաստանը խորհրդայնացել է:
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ալեքսանդրապոլում ավարտվեցին հայ-թուրքական բանակցությունները: Կնքվեց Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Զ. Շուշեցի