Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ՀՀ տարածքում ԵՄ դիտորդների ներկայության հարցը քննարկում է Ադրբեջանի հետ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ-ում եվրոպացի դիտորդների ներկայության հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է նրանց հեռացնել սահմանազատված հատվածներից։ Նա նշեց՝ Երևանը հանդես է եկել այդ առաջարկով։
Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչու է Հայաստանն իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման հարցը քննարկում Ադրբեջանի հետ։
«Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանազատմանը, նա ասել է. «Սահմանազատման հետ կապված վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին, և սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր մոտեցումը, հիմա հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք։
Հիմա Ադրբեջանում մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում, և ակնհայտորեն կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա: Ենթադրությունն այն է, որ COP29-ից հետո պրոցեսները կշարունակվեն»:
Եվրամիությունն էլ դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։
Օրերս ՀՀ-ում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն ասել էր՝ դեռ վերջնական որոշում չկա։ Նա նաև չի հստակեցրել, թե պաշտոնական Երևանն արդյո՞ք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- ասել էր Հայաստանում ԵՄ դեսպանը:
Վերջերս Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի միջև չհամաձայնեցված կետերը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
Ըստ Շաֆիևի՝ չհամաձայնեցված երրորդ կետն էլ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Այսինքն՝ ընդառաջ գնալով Ադրբեջանի հերթական պայմանին, Փաշինյանն առաջարկել է հեռացնել սահմանազատված հատվածներից ԵՄ դիտորդներին այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ նորանոր պայմաններ է առաջ քաշում, խուսափում ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը, զուգահեռաբար ռազմատենչ հռետորաբանություն կիրառելով Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Բաքվի հետ ՀՀ-ում ԵՄ դիտորդների ներկայությունը քննարկելը տարօրինակ է դիտարկվում՝ հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների անընդհատ անդրադարձերն ինքնիշխանության գործոնի կարևորությանը։
Նրա խոսքով՝ ինքնիշխանության ու անկախության մասին ՀՀ իշխանությունները կարծես հիշում են, երբ խոսքը գնում է հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Մնացած բոլոր դեպքերում, երբ հարցն Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններին են վերաբերում՝ կա մեծ հանդուրժողականություն։ Տարօրինակաբար՝ այս դեպքում ԵՄ դիտորդների ներկայությունն Ադրբեջանի հետ է քննարկվում, թեև կարծես հենց ԵՄ-ում ևս ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի դժգոհությանը։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ԵՄ-ում ևս զարմանում են ստեղծված իրավիճակի վրա, որովհետև ակնհայտորեն կցանկանային երկարաձգել դիտորդական ներկայությունը ՀՀ տարածքում՝ հատկապես վրացական զարգացումների ֆոնին»,- նշեց Եվսեևը։
Նրա խոսքով, իհարկե, պետք է նշել, որ ԵՄ դիտորդների ներկայությունը շատ քիչ կապ ունի ՀՀ անվտանգության, որքան Արևմուտքի՝ մասնավորապես, ԵՄ-ի աշխարհաքաղաքական խնդիրների հետ։
«Ուստի կարծում եմ՝ այս փուլում ԵՄ-ն չի ցանկանա դիտորդներին դուրս բերել ՀՀ տարածքից։ Եվ մի փոքր անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ կայացնելով որոշում՝ ՀՀ բերել ԵՄ դիտորդներին, ներկայումս ՀՀ-ն Ադրբեջանի հետ է համաձայնեցնում դիտորդների ներկայության երկարաձգման հարցը սահմանի որոշ հատվածներում։
Բացի այդ, եթե ՀՀ տեսանկյունից դիտորդները ծառայում են անվտանգությանը, ապա անկախ սահմանազատված հատվածներից, ռեգիոնում խաղաղության հնարավորությունները չափազանց փխրուն են, կողմերը չեն կարողանում ստորագրել համաձայնագիր, որը բացելու է խաղաղության համար ճանապարհը։ Ուստի, հայկական տրամաբանության համաձայն, դիտորդների հարցը չպետք է քննարկվեր, սակայն քննարկվում է, ինչը, իհարկե, Երևանի գործն է»,- ասաց նա։
Եվսեևը նշեց, որ սահմանազատումը դրական երևույթ է և ծառայում է անվտանգության մակարդակի բարձրացմանը։
«Բայց Բաքու-Երևան հարաբերությունները բազմաթիվ առանձնահատկություններ ունեն, հարցերն իրենց բնույթով բարդ են, ունեն պատմական շերտեր, անընդհատ նոր խնդիրներ ու լարումներ են ի հայտ գալիս, կա ռեգիոնալ ռազմական անհավասարակշռություն, սա ինքնին վտանգավոր իրավիճակ է՝ հատկապես Հայաստանի համար, որը, բացի այս ամենից, որոշել է սառեցնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, ինչն իր հերթին՝ արտաքին քաղաքական մարտահրավեր է ՀՀ-ի համար։ Չի բացառվում նաև, որ սահմանազատված հատվածից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Երևանի առաջարկն իրականում դիտորդներին պահելու փորձ է, քանի որ սահմանազատման գործընթացը դեռ երկար կձգվի»,- նշեց Եվսեևը։