Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Նիկոլը գիտե, որ շատ վաղուց կորցրել է փողոցը, փորձում է վերադառնալ իր նախահեղափոխական կերպարին․ Դավիթ Անանյան


168.am


Նիկոլը գիտե, որ շատ վաղուց կորցրել է փողոցը, փորձում է վերադառնալ իր նախահեղափոխական կերպարին․ Դավիթ Անանյան

Նոյեմբեր 23, 2024


Բարձրաստիճան պաշտոնյաների վերջին ազատումների տրամաբանությունն ուղղակիորեն կապված է դեպքերի ու իրադարձությունների այն անտրամաբանական հոսքի հետ, որին վերջին տարիներին ականատես ենք լինում։ Այսինքն, այս ամենն անտրամաբանական, պարտվողական, դեպի անդունդ տանող գործընթացների տրամաբանական շղթայի մեջ է։ Միանգամից վեց գերատեսչության ղեկավարի՝ աշխատանքից հեռանալու հորդորը պետք է պետական համակարգում առնվազն որոշակի պարալիզման հանգեցներ։ Պետական համակարգը, հանրային ծառայությունը մի մարմին է, որտեղ ցանկացած պաշտոնյա, հիմնականում՝ գերատեսչությունների ղեկավարները, ունեն որոշակի դերակատարում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Եթե դու շատ կարճ ժամանակում որոշում ես կայացնում և հեռացնում ես բոլորին, դա վկայում է, որ պետական կառավարման համակարգում գործընթացներն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեն։ Որոշումների կայացման տրամաբանությունը, գործավարությունը, քաղաքականությունն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեն նորմալ երկրներում։ Ըստ էության, պահի տակ՝ մեկ անձի որոշմամբ, վեց պաշտոնյա ազատվում է աշխատանքից։ Դա նշանակում է, որ հանրային ծառայությունը կառավարման տեսանկյունից հոգեվարքի մեջ է։ Այս առումով՝ պետք է հիշել այն դեպքերը, որոնք նախորդել են այս պաշտոնանկություններին։ Այդ դեպքերի շարունակականության մեջ կա որոշակի տրամաբանություն»,- ասաց Անանյանը:

«Բյուջետային քննարկումներն ավարտվում են ԱԺ-ում վարչապետի բոցաշունչ ելույթով, որում նա կասկածներ է հայտնում այս պետության գոյության հեռանկարի վերաբերյալ։ Նա այնպիսի բանաձևային ձևակերպումներ է տալիս, որոնք հիշեցնում են Երրորդ Հանրապետության լուծարման և, այսպես կոչված, Չորրորդ Հանրապետության ստեղծման վերաբերյալ կիսաքաղաքական մի անոնս։ Դրան անմիջապես հաջորդում է սափրվելու արարողությունը, որը հեղափոխականի կերպարն արդեն պրագմատիկ, քաղաքական, պետականաշինարար գործունեությամբ զբաղվելու հավակնություն ունեցողի կերպարով փոխարինելու մասին է։ Դրանից հետո՝ կառավարության նիստում համբերության բաժակը լցվելու վերաբերյալ հայտնի հայտարարությունն է անում, որը մեկ դերասանի թատրոնի կանոններով բեմականացում էր։ Թե՛ խնդիրը ձևակերպեց մի մարդ, թե՛ դրա վերաբերյալ կարծիքն ինքը հայտնեց, նաև անոնս արեց, որ դրանից հետո պետք է տեղի ունենան այդ իրադարձությունները»,- նշեց նախկին պաշտոնյան:

Անանյանի պնդմամբ՝ այն, որ մեկ գիշերվա ընթացքում վեց անձ թողեց իր պաշտոնները, այս շղթայի մեջ տրամաբանական էր. «Այս ամենի մեջ նախընտրական հաշվարկներ կան։ Երբ հեղափոխականի կերպարը փոխարինվում է պետականաշինարարի կերպարով, դա նաև ունի երկրորդ կողմը՝ Փաշինյանը վերադարձնում է ռետրո-Նիկոլին։

Նա տեսնում է, որ որպես հեղափոխական՝ ձախողել է բոլոր խոստումները, և պետք է վերադառնալ նախահեղափոխական Նիկոլին, որ ականջ ծակող նույն տոնայնությամբ հանրության հետ նորից վերականգնի իր զրույցը։ Մի կողմից՝ հեղափոխականը փոխարինվում է պետականաշինարարով, նրանից դա է ակնկալվում, ինքն այդպես է իրեն պատկերացնում, մյուս կողմից՝ վերադարձնում է ռետրո-Նիկոլին։ Ռետրո և ժամանակակից Նիկոլի համադրության արդյունքում ժամանակակիցն անընդհատ պարտվում է ռետրոյին։ Այս հաշվարկի արդյունքում չկողմնորոշվածների հաշվին նա պիտի փորձի մեծացնել իր ընտրազանգվածը»:

«Փաշինյանը գիտե, որ շատ վաղուց կորցրել է փողոցը, բայց նաև գիտե, որ այն ընտրազանգվածը, որն իրեն վստահում է, նաև հավատարիմ է իրեն։ Իհարկե, այդ զանգվածը սարսափելիորեն փոքր է՝ համեմատած 2018-19 թվականների հետ, նրա վարկանիշը մոտ 6-7 անգամ իջել է։ Բայց իր կայուն ընտրազանգվածը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը, այսինքն՝ ընդդիմության հավաքական և ակնկալվող ընտրազանգվածի թիվը զիջում է Փաշինյանի կողմնակիցների թվին։ Նա գիտե սա, հետևաբար՝ այս ցնցումները պարարտ հող են նախապատրաստում նրա վերընտրության և իր կենդանությունն ու քաղաքական կյանքը երկարաձգելու համար»,- ամփոփեց պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։



https://168.am/2024/11/23/2130804.html?fbclid=IwY2xjawGvRANleHRuA2FlbQIxMQABHWWWFzjjUf4_hUwY8tiBSe83-uPkVcgxpiMuznF5ZEolkYNz8C6TzMEo3g_aem_O2Wzc-EGgsL58GP6riISIQ

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D0Aj9GJdmpoDMQcK-9ApsHfgc%3Dr9ufXunjMFgLG3PMXPA%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]