Իշխանությունները ձեռքները ծալած հետևում են, թե ինչպես են բանկերը թալանում քաղաքացիներին ու տնտեսությանը։ Չնայած Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, էժանացնում է փողը, վարկերը էժանանալու փոխարեն՝ շարունակում են թանկանալ։ Բարձրանում են վարկերի տոկոսները։ Քաղաքացիներն ու տնտեսությունը ստիպված են լինում ավելի բարձր տոկոսներով վարկեր վերցնել ու հայտնվել ավելի ծանր վարկային բեռի տակ։
Սա աննորմալ երևույթ է, որին արդեն տևական ժամանակ բախվել է շուկան։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման, այն էլ՝ էական նվազեցման պայմաններում վարկերի թանկացումը Կենտրոնական բանկում բացատրում են բարձր պահանջարկով։
Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա՝ հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում, ասում է Կենտրոնական բանկի նախագահը։ Այդ պահանջարկն էլ բերել է վարկերի թանկացման։
«Կենտրոնական բանկի տոկոսադրույքն ունիտար է, այսինքն` այն սպեցիֆիկ չէ կոնկրետ ոլորտների համար։ Եթե կա մեծ պահանջարկ կոնկրետ ապրանքի դեպքում, տոկոսադրույքը չի կարող նվազել, այն իր հետ բերում է գնի բարձրացում։
Մենք տոկոսադրույքը նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում երեք տարի շարունակ բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, այդ պատճառով տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս»,- վերաֆինանսավորման տոկոսադրույքի էժանացման պայմաններում վարկերի թանկացումն այսպես է բացատրում Կենտրոնական բանկի նախագահը ու համարում, որ եթե այս ընթացքում չնվազեցնեին տոկոսադրույքը, վարկերի տոկոսներն ավելի բարձր կլինեին։
Թե ինչքանո՞վ է Կենտրոնական բանկին հաջողվել զսպել վարկերի թանկացումը, մեծ հարց է։ Այլ բան, որ տոկոսադրույքի նվազեցումից հետո բանկերի ախորժակն է ավելացել։ Մեծացել է ավանդների ու վարկերի տոկոսադրույքների տարբերությունը, այսպես կոչված՝ մարժան։ Ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերինը՝ բարձրացրել։
Բանկերը սկսել են ավելի շատ գումարներ աշխատել այս միջակայքում։ Եթե մեկ տարի առաջ մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 8,60 էր, այս տարվա սեպտեմբերին եղել է 8 տոկոս։ Նվազել է 0,60 տոկոսային կետով։ Փոխարենը՝ մեկ տարի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 12,73-ից դարձել է 13,68 տոկոս։ Բարձրացրել է 0,95 տոկոսային կետով։
Մեկ տարվա ընթացքում բանկերի մարժան 4,13-ից դարձել է 5,68 տոկոս։
Այս փոփոխության հաշվին բանկերը սկսել են ավելի շատ փող աշխատել։ Ավելի էժան գումարներ են ներգրավել, բայց տրամադրած վարկերի տոկոսները չեն նվազեցրել, մի բան էլ բարձրացրել են ու ավելի շատ եկամուտ ստացել։
Ավելացել է բանկերի ախորժակը, դրա համար էլ վարկերը թանկացել են։
Բանկերի ախորժակը զսպելու ուղղությամբ իշխանությունները ոչինչ չեն անում։ Մի կողմ են քաշվել ու լռելյայն հետևում են, թե ինչպես են ահռելի գումարներ աշխատում տնտեսության ու քաղաքացիների հաշվին։
Վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի մարժան ավելացել է 1,55 տոկոսային կետով։
Թե սա ինչո՞վ է պայմանավորվել, հայտնի չէ։ Բայց դրա ուղղակի հետևանքը երևում է վարկային տոկոսների վրա, որոնք բարձրացել են։ Եվ դա տեղի է ունեցել վերջին մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2,25 տոկոսային կետով նվազեցման պայմաններում, ինչը ենթադրում է, որ հակառակը պիտի լիներ։
Եվ պատահական չէ, որ այս պայմաններում բանկերի շահույթներն այս տարի հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ բանկերը կարող են 1 մլրդ դոլարի զուտ շահույթ ստանալ։ Դրանք գումարներ են, որոնք դուրս են գալիս հաճախորդների գրպանից, նաև վարկերի բարձր տոկոսադրույքների միջոցով։
Սրա դեմն առնելու որևէ գործուն քայլ առայժմ տեսանելի չէ։ Չնայած Կենտրոնական բանկը վերջերս վարկավորման որոշ զսպող նախաձեռնությամբ հանդես եկավ, բայց դեռ վաղ է խոսել վարկային շուկայի վրա դրա ազդեցության մասին։
Վայրենի վարկավորում է տեղի ունենում, որը համատարած ավելացնում է քաղաքացիաների բեռը՝ ծանր վարկային միջոցներով։ Դա ուղեկցվում է տնային տնտեսությունների եկամուտների աճի տեմպի դանդաղումով։ Քաղաքացիների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճում, քան նրանց եկամուտները։ Այս խզումը լուրջ ռիսկ է վարկային շուկայի ու բանկային համակարգի համար։ Շուկան յուրաքանչյուր հաջորդ օրվա հետ տաքանում է ու ավելի մոտենում վտանգավոր սահմանագծին։
Վերջին մեկ տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային պորտֆելը, որն ուղղված է եղել բացառապես Հայաստանի ռեզիդենտներին, ավելի քան 1 տրիլիոն դրամով կամ 2,6 մլրդ դոլարով ավելացել է։
Այս գումարի մեծ մասն ուղղվել է սպառողական, հիփոթեքային վարկերի շուկա և շինարարություն։ Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 687 մլրդ դրամի կամ գրեթե 1,8 մլրդ դոլարի մասին է. 247 մլրդ դրամը սպառողական վարկերն են, 275 միլիարդը՝ հիփոթեքային վարկերը, և 165 միլիարդը՝ շինարարության վարկերը։ Սպառողական վարկերը մեկ տարվա ընթացքում ավելացել են շուրջ 24 տոկոսով, հիփոթեքային վարկերը՝ ավելի քան 27 տոկոսով, և շինարարության վարկերը՝ 37 տոկոսով։
Այս շուկաների բարձր պահանջարկից էլ օգտվել են բանկերը և թանկացրել վարկերը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման պայմաններում։
Թվում է, թե վատ չէ, որ վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ կա։ Եթե դա լիներ բնական ճանապարհով, գուցե։ Բայց սա պահանջարկի արհեստական խթանում է, որը հղի է վատ հետևանքներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ