Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

«Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինայում, Պուտինի արտակարգ հայտարարությունն ու դրա հետևանքները Հարավային Կովկասի վրա


168.am


«Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինայում, Պուտինի արտակարգ հայտարարությունն ու դրա հետևանքները Հարավային Կովկասի վրա

Նոյեմբեր 22, 2024


Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հայտարարություն տարածեց՝ մարտահրավեր նետելով Արևմուտքին, ինչպես նաև հրթիռային վերջնագիր ներկայացնելով ՌԴ գլոբալ հակառակորդին՝ հավաքական Արևմուտքին։

Պուտինը հայտարարեց, որ նախօրեի առավոտյան Դնեպրին հարվածելու համար Ռուսաստանը կիրառել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ:

Նա մանրամասնել է, որ նման հրթիռով ռուսական բանակը խոցել է Հարավային մեքենաշինական գործարանը (Յուժմաշ), ինչը եղել է պատասխան ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակումներին Ռուսաստանի խորքում։ Մասնավորապես, նա ընդգծել է «Բրյանսկում և Կուրսկում արևմտյան հրթիռների կիրառումը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Սպիտակ տունը՝ հեռացող Բայդենի վարչակազմը, արտոնել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ, ինչից հետո Կիևն ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկին էր հարվածել։

Կարդացեք նաև

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը կիրառել է միջին հեռահարության նոր հրթիռ, որը կոչվում է «Օրեշնիկ», և, որ «այս տեսակի հրթիռներին հակազդելու միջոցներ չկան»։ Պուտինը դա անվանել է փորձնական արձակում։ Նա շեշտել է, թե Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռներ կիրառելու որոշմամբ «շարունակեցին էսկալացիայի ընթացքը»։ Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք իրենց զենքն օգտագործում են ռուսական թիրախների դեմ։

«Պատասխան միշտ կլինի»,- ասել է նա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ այս հայտարարությանը, ինչպես նաև՝ համաշխարհային հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։

Վերլուծաբանի կարծիքով, և Արևմուտքի վերջին որոշումը, և ՌԴ-ի կողմից բալիստիկ հրթիռի կիրառումն ու դրան հաջորդած ՌԴ նախագահի արտակարգ հայտարարությունը ցույց են տալիս, որ հակամարտությունը տեղափոխվում է ավելի լուրջ, լարված փուլ, գուցե լարման վերջին փուլ։

Նրա որակմամբ, հրապարակային անդրադարձը ՌԴ իրականացրած փորձնական օպերացիային նպատակ ունի զսպել սպասվող նոր էսկալացիան, զգուշացնել հնարավոր հետևանքների մասին՝ ինչպես որոշում կայացնողներին, այնպես էլ խաղաղ բնակչությանը։

Լուկիանովի կարծիքով, առանձնահատուկ ուշադրության է արժանի ՌԴ նախագահի օգտագործած «փորձնական» բառը՝ կապված «Օրեշնիկ»-ի հարվածի հետ, ինչպես նաև շեշտադրությունը, որ այն հնարավոր չէ որսալ։

«Սա ևս կրում է բաց հակառակորդին զսպելու, զգուշացնելու բնույթ, ինչպես նաև ուժ ցուցադրելու նպատակ»,- ասաց Լուկիանովը՝ հավելելով, որ «փորձնական» բառի կիրառությունն իր հերթին նշանակում էր, որ այս հարվածը դեռևս կրում է մեկանգամյա բնույթ։

Լուկիանովի կարծիքով, առանցքային էր նաև ՌԴ նախագահի կողմից հակամարտության գլոբալացման մասին շեշտադրումը։

«Ասվեց, որ հակամարտությունն ունի գլոբալ տարրեր, այսինքն՝ թշնամին ոչ թե տարածաշրջանային է, այլ գլոբալ»,- նշեց Լուկիանովը։

Ըստ նրա, առաջիկա կանխատեսումը տարբեր կարող է լինել։ «Պետք է սպասել և իրավիճակի սրացում, և զսպում, որին միտված էր այդ նախազգուշական հարվածն ու արտակարգ հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Պուտինն իր ուղերձում հաստատեց, որ ուկրաինական զինված ուժերն արդեն հարձակվել են Ռուսաստանի վրա նոյեմբերի 19-ին ամերիկյան ATACMS հրթիռներով, իսկ նոյեմբերի 21-ին՝ բրիտանական Storm Shadow հրթիռներով։ Սա փաստացի Ուկրաինայում հակամարտությանը տվեց գլոբալության տարրեր, քանի որ առանց արևմտյան համաձայնության՝ անհնար է հրթիռներ արձակել Ռուսաստանի դեմ ՌԴ տարածքում։ Լուկիանովը կարծում է, որ ՌԴ-ի կողմից ազնիվ է նմանատիպ զինատեսակի օգտագործման դեպքում նախապես ծանուցել խաղաղ բնակչությանը։ Վերլուծաբանը նշեց, որ ռուսական կողմն «Օրեշնիկ»-ի արձակումից առաջ ամերիկյան կողմին ծանուցում է ուղարկել, ինչն արվում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերից խուսափելու համար։

«Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին Օրեշնիկի գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ։ Նախազգուշացումն ուղարկվել է ավտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ»,- ասել է նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուս վերլուծաբան Լուկիանովի խոսքով՝ պատահական չէ, որ Թրամփի վարչակազմի՝ Սպիտակ տուն մուտք գործելուց առաջ նման որոշում կայացրեց Արևմուտքը Բայդենի վարչակազմի ակտիվ մասնակցությամբ, որպեսզի հակամարտությունը հնարավորինս լարվի, քանի որ, ամենայն հավանականությամբ, կանխատեսում կա, որ Թրամփի վարչակազմն այլ ճանապարհով է գնալու, ինչը հակասում է ներկայիս հավաքական Արևմուտքի շահերին։

«Չէ՞ որ Թրամփը խոսել է խաղաղություն հաստատելու մասին։ Եթե նորընտիր նախագահն ԱՄՆ նախագահի վարչակազմը ստանձնում է ավելի լարված փուլում, բնականաբար, դա այլ բնույթի ու շատ ավելի մեծ մարտահրավեր է իր համար, սակայն այս ամենը հասկանում են նաև Ռուսաստանում։ Ուստի, կարծում եմ, որ չնայած վճռականությանը, ընթանում է զսպում»,- պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին և Երևան-Բաքու բանակցություններին, հակամարտությանը, ապա Լուկիանովը նշեց, որ սա այն եզակի հակամարտություններից է, որը վերջին տարիներին դարձել է գլոբալ մրցակցության թիրախ, հաշվի առնելով այդ գոտում ՌԴ ավանդական դիրքերը և Արևմուտքի ցանկությունը՝ վերացնել այդ դիրքերը հետսովետական ռեգիոնում։

«Կախված գլոբալ հակամարտության զարգացումներից՝ կարող է իրավիճակը որոշակի անորոշություն պարունակել Երևանի ու Բաքվի համար, հատկապես, երբ նրանք այն իրավիճակում լինեն, երբ անհրաժեշտ է միմյանցից զիջումներ կորզել։ Բնականաբար, նման փուլերում հատկապես գլոբալ հակամարտությունները մեծ ազդեցություն են ունենում։ Բայց, կարծում եմ, այս ամենում ՌԴ արձագանքից ու քայլերից շատ բան է կախված։ Արևմուտքում հասկանում են, որ հակամարտությունն Ուկրաինայում գտնվում է լարման վերջնական փուլում, և այստեղ բոլոր հաշվարկները պետք է շատ զգույշ արվեն։ Նոր էսկալացիան մի բան է այս գոտում, որը վերաբերում է ոչ միայն հետսովետական գոտուն, դա վերաբերում է ողջ աշխարհին, հենց այդ պատճառով ռուսական կողմն արեց բաց և ուղիղ հայտարարություն»,- նկատեց նա։

Լուկիանովի կարծիքով, աշխարհն այն փուլում է, երբ, հաշվի առնելով ազդեցության բազմաթիվ գործոնները, հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ։

«Բայց որ ամեն բան փոխկապակցված է, հատկապես՝ հարավկովկասյան ռեգիոնը գլոբալ հակամարտության հետ, միանշանակ է»,- նկատեց նա։



https://168.am/2024/11/22/2130323.html?fbclid=IwY2xjawGuaapleHRuA2FlbQIxMQABHaMXHbesvExRr3c2G_aXfniBUD2am6JoiuLYnY5doDtAbKYIFP6beBrRXg_aem_TPC-5eUOn9rf_IrD_jfVqQ

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D0xTd16w_Zpn_FqRbyRV9LNiMvpp-u4RVYuUCBhCEtzHA%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]