Ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1942թ. Կոստանդնուպոլսում, Թուրքիա։ Ավազանի անունը՝ Տիգրան։
Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյան վարժարանում։
1956 թթ․- սովորել է Կոստանդնուպոլսի Ս. Խաչ դպրեվանքում:
1962թ. - սովորել է Կոստանդնուպոլսի Կ. Պոլսի համալսարանում:
1968 թ. -սովորել է Բոննի համալսարանում (Գերմանիա)։
1969թ․- սովորել է Բոխի համալսարանում։
1963թ. -ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի:
1965թ.- ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1970թ. – ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։
1992 թ. -ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի։
1992 թ. - ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1998 թ. - ստացել է արքության պատիվ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
1973-1976 թթ. - ծառայել է Մարսելի (Ֆրանսիա) Ս. Կարապետ հայկական եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
1976-1994 թթ. - ծառայել է Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
1992-1998 թթ. - եղել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
2014-2019 թթ. - նշանակվել է Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ։
2017-2019 թթ․ - եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական տեղապահ: