Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստում խիստ դժգոհություն է հայտնել Արմավիրի մարզի Այգևան գյուղում մոդուլային մանկապարտեզի բացման ժամկետների խախտման կապակցությամբ։ Կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է ծրագրերի իրականացման անվստահելի ժամկետների հրապարակային հայտարարման անթույլատրելիությունը։
ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների վերաբաշխման հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նրա խոսքով, այժմ ընթանում է սարքավորումների ստացման գործընթացը և լուծվում են գազամատակարարման վերջին հարցերը, իսկ մանկապարտեզը կբացվի մինչև տարեվերջ։
«Պլանավորված էր հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Հիմա այդ հարցը կարգավորվել է, ներքին գազամատակարարումը կառուցված էր, սակայն միացումը չէր իրականացվել», - պարզաբանել է Խուդաթյանը։
Ի պատասխան՝ վարչապետը կտրուկ արձագանքել է. «Գոնե երբ այցով գալիս ենք, մի՛ ասեք, թե հոկտեմբերին կբացվի։ Գյուղացիները տեսել են, չէ՞, ինչպես տեսախցիկների առջև հարցրել եմ բացման ժամկետների մասին, դուք ասել եք՝ հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ ’Մանկապարտեզը կբացվի հոկտեմբերին’։ Ստացվում է՝ ես սո՞ւտ եմ ասել։ Ինչո՞ւ եք նշում ժամկետներ, որոնց վստահ չեք»։