Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ խիստ քննադատությամբ հանդես եկավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման հաճախացող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել նման երևույթները կանխելու ուղղությամբ։
Կառավարության ղեկավարի խոսքով, նա անձամբ մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիներն առանց թույլտվության քանդում նորոգված ճանապարհների հատվածներ՝ իրենց անձնական կարիքները բավարարելու համար։
«Ճանապարհներն անցնում են բնակելի թաղամասերով, ռեստորանների կամ տարբեր օբյեկտների դիմացով։ Ճանապարհի հանձնումից հետո կարելի է հայտնաբերել քանդված հատվածներ։ Մարդիկ որոշումներ են կայացնում ինքնակամ։ Հետաքրքրվել եմ կոնկրետ դեպքերով՝ արդյոք տրվել են թույլտվություններ աշխատանքների համար, և պարզել եմ, որ ոչ։ Կա սխալ կարծիք. քանի որ ճանապարհն անցնում է իմ տան առջևով, կարևոր չէ, որ պետությունը դրա վրա ծախսել է 500 միլիոն կամ մեկ միլիարդ դրամ։ Պետք է հեռախոսի լար անցկացնել՝ ոչինչ, կքանդենք մեկ մետր լայնությամբ, երկու մետր խորությամբ, հետո կծածկենք։ Պետությունը հետո կգա ու նորից կասֆալտապատի։ Սա շատ լուրջ խնդիր է», - ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը կոչ է արել համայնքների ղեկավարներին և պարեկային ոստիկանությանը առանցքային դերակատարում ունենալ այս խնդրի լուծման գործում։ Նա նաև քննադատել է մայթերի և ճանապարհների անձնական նպատակներով օգտագործման դեպքերը, երբ դրանց վրա կուտակվում են ավազ, քարեր կամ բետոն։ Որպես օրինակ Փաշինյանը ներկայացրել է Ցամաքաբերդի ճանապարհի դեպքը, որը վերանորոգվել էր 2018 թվականին քաղաքացիների խնդրանքով, սակայն մի քանի ամիս առաջ դրա մի հատված քանդվել էր առանց որևէ թույլտվության։